ՄԻ’ ԱՂԱՎԱՂԵՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ…

Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի
հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազում ազգերի լեզուներին` հայոց լեզուն մի յուրատեսակ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ այլ ազգերի: Այսպես դատելով` մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլև մասունքը հանուր մարդկության…Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեզ վրա:

Ուզում եմ սկսել հոդվածս Պարույր Սևակի խոսքերով և ուզում եմ պատմել մի դեպքի մասին, որ իմ հետ կատարվեց: Վերջերս ներկա գտնվեցի մի դասախոսության, որտեղ խոսում էին լեզվի ցեղասպանության, այսինքն լեզվասպանության մասին:  Եթե ճիշտն ասեմ,  ես շատ ազդվեցի,  սկսեցի մտածել մեր մայրենի լեզուն պահպանելու մասին, ու ի վերջո մի շարք բաներ փորձեցի փոխել իմ առօրյայում: Օրինակ,  ես համացանցում ընդհանրապես գրում էի լատինատառ հայերենով,   իսկ հիմա գրում եմ բացառապես հայերեն տառատեսակով, իմ կարծիքով, այսպես համ ավելի հարմար է, համ էլ պահպանում ենք մեր լեզուն:

Վերջ ի վերջո ինչու օգտագործենք @, X,  C և այլ  նշաններ, որոնք երբեմն անհասկանալի են, եթե կարելի է դրանց փոխարեն  օգտագործել Ը, Ղ, Խ, Ծ, Ց և այլն… Կամ առաջ եթե արտաբերածս նախադասության մեջ օտար բառ էր լինում (ռուսերենով, անգլերենով…)  ես ուղղակի շարունակում էի խոսքս առանց անդրադառնալու, որ օգտագործել եմ ոչ հայերեն բառ, իսկ հիմա փորձում եմ օգտագործել միայն հայերեն բառեր, թեկուզ երկար, թեկուզ ուրիշների համար երբեմն անհասկանալի ու մի քիչ էլ տարօրինակ, բայց հայերեն:

Գիտեք անգամ ինչ եմ նկատել, ես դեռ դպրոցական եմ ու դասերի ժամանակ հաճախ եմ ստանում թղթի  վրա գրված նամակներ, մանավանդ գրավորների ժամանակ, ու հիմա գրեթե բոլորը անգամ այդ նամակներն են ուղարկում լատինատառ հայերենով, իսկ սա լեզվի ոչնչացում, սպանություն չէ՞, էլ ինչպես է դա լինում, մենք մեր ձեռքով աղավաղում ենք մեր լեզուն չմտածելով դրա հետևանքների մասին: Եվ վերջում ուզում եմ մի  խորհուրդ տալ Ձեզ,  փոխանակ օտար լեզուներ ուսումնասիրեք, ավելի լավ կլինի, որ դրանք փոխարինեք արևմտահայերենով, գրաբարով, չնայած ես էլ եմ շատ սիրում լեզուներ, մանավանդ անգլերենն ու ֆրանսերենը, բայց դրա կողքին, չեմ մոռանում հայերենի մասին, սովորում եմ արևմտահայերեն, կարդում եմ արևմտահայերեն գրականություն, ու, իհարկե, չեմ մոռանում նաև գրաբարի մասին:

Ուրեմն, եթե մենք հայ ենք, եթե մենք սիրում ենք ու ուզում ենք պահպանել մեր հարյուրամյա մշակույթն ու ազգությունը, եկեք սկենք մեր մայրենի լեզվից. մի’ աղավաղեք այն, մի’ օգտագործեք օտար բառեր,  համացանցում փորձեք գրել հայերեն և Ձեր ընկերներին էլ  խորհուրդ տվեք  նույնը, փորձեք ավելի լավ ճանաչել մեր մշակույթը, սկզբում, իհարկե, դժվար կլինի, բայց վերջ ի վերջո մենք հայ ենք,  եթե ոչ մենք, ապա ո՞վ կպահպանի մեր լեզուն…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s